ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Իրանի դեմ հետագա հարվածների հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրից և շարունակի իր հրթիռային ծրագիրը։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ առանց իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու՝ Մերձավոր Արևելքի կարգավորումը անհնար կլինի։ Նա նաև նշել է, որ Իրանին երկար ժամանակ կպահանջվի իր միջուկային ծրագիրը վերականգնելու համար և զգուշացրել է, որ եթե այն վերսկսվի առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի, Վաշինգտոնը «կկործանի նաև այս նախագիծը»։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով։
