ԵՄ-ում այլևս օրենքի գերակայություն չկա, կա միայն Բրյուսելի բռնապետություն. Օրբանը՝ սառեցված ռուսական ակտիվների թեմայով ԵՄ քվեարկության մասին

Այսօր Բրյուսելի պաշտոնյաները հատում են ռուբիկոնը։ Կեսօրին տեղի կունենա գրավոր քվեարկություն, որը անդառնալի վնաս կհասցնի Միությանը, գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Քվեարկության թեման սառեցված ռուսական ակտիվներն են, որոնց վերաբերյալ մինչ այժմ ԵՄ երկրները քվեարկել են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ և որոշումներ կայացրել միաձայն։ Այսօրվա ընթացակարգով Բրյուսելը գրիչի մեկ հարվածով վերացնում է միաձայնության պահանջը, ինչը ակնհայտորեն անօրինական է», – նշել է Օրբանը։

Նա գրել է, որ այսօրվա որոշմամբ ԵՄ-ում օրենքի գերակայությունը փաստացիորեն ավարտվում է, և եվրոպացի առաջնորդներն իրենց կանոններից վեր են դասում։

«ԵՄ պայմանագրերը կիրառելու փոխարեն, Եվրահանձնաժողովը համակարգված կերպով անտեսում է եվրոպական օրենսդրությունը՝ դա անելով Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար, պատերազմ, որը ակնհայտորեն անհաղթելի է։ Այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով, Եվրոպական խորհրդի՝ ԵՄ ամենակարևոր մարմնի նիստից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ, որտեղ հավաքվում են պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Այսպիսով, Միությունում օրենքի գերակայությունը փոխարինվում է բյուրոկրատական ​​​​կառավարմամբ։ Այլ կերպ ասած՝ հաստատվել է Բրյուսելի բռնապետություն։ Հունգարիան բողոքում է այս որոշման դեմ և կանի հնարավոր ամեն ինչ՝ իրավական կարգը վերականգնելու համար», – գրել է Հունգարիայի վարչապետը։

Leave a Comment