Ինչպե՞ս ազատել Երևանը խցանումներից․ հայ գիտնականների նոր լուծումները․ «Մտքի ուժը»

Մեր կյանքում տեղի ունեցող երևույթների հիմքում հիմնականում գիտական հաշվարկներն են։ Նույն այդ հաշվարկներն են նաև մեզ շրջապատող իրերի ու առարկաների ստեղծման հիմքում՝ մեքենայի ստեղծումից մինչև խցանումների ճիշտ կառավարում։ Հատկապես, վերջին տարիներին Երևանում ամեն հաջորդ օրը խցանումներն ավելի ու ավելի անկառավարելի են դառնում։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանն ակնադիտական եղանակով արված իր դիտարկումներն է ներկայացնում։ Ասում է, որ Երևանում վերջին տասնամյակում տրանսպորտային հոսքի ինտենսիվությունն ավելացել է։ Սա էլ բերել է այս վիճակին՝ խցանում, խճողում, տրանսպորտի ուշացում։

Եվ ահա տրանսպորտային հիմնախնդիրներն անտեսելու պատճառով ստեղծվել է այս իրավիճակը՝ արձանագրում է գիտնականը։ Տրամաբանական է, որ տրանսպորտային հոսքի ինտենսիվությանը տվյալ ճանապարհային ցանցի թողունակությունը չէր կարող բավարարել այն դեպքում, երբ երթևեկելի եզրային գոտիները զբաղված են կայանած մեքենաներով, այժմ արդեն երկրորդ գոտին է դարձել կայանատեղի․

Վալերիկ Հարությունյան

«30 տարիների ընթացքում բացարձակապես ոչ մի նոր տրանսպորտային հանգույց չի կառուցվել Երևանում։ Եկեք ներդնենք, տարին մի տրանսպորտային հանգույց կառուցենք, մի 10 տարուց հետո մենք Երևան քաղաքի երթևեկության հիմնախնդիրը լուծած կլինենք։

Պարզապես, անհրաժեշտ է մասնագետների կարծիքը լսել և գործել։ Եկեք մտածենք, թե ինչպես կարելի է տարանցիկ հոսքերը Երևան չմտցնել։ Անհրաժեշտ է ծայրամասերում անվճար կայանատեղիներ ունենալ։ Մարդը գա, մեքենան կանգնեցնի, տրանսպորտով գնա՝ աշխատանքն ավարտի ու հետ գնա»։

Տրանսպորտային հանգույց ու նոր ուղեանց չի կառուցվել Երևան քաղաքում՝ արձանագրում է մասնագետ-գիտնականը։ Նշում է Աշտարակի մայրուղին Երևանին կապող օղակաձև հանգույցի մասին։ Մասսայական կոորդինացված կառավարումը հաջորդաբար գտնվող մի շարք խաչմերուկների լուսացույցերի համաձայնեցված աշխատանքն է։ Գիտնականը բացատրում է՝ եթե մեքենան մեկ խաչմերուկում տվյալ կանաչ ազդանշանով անցնում է, կոորդինացման դեպքում բոլոր խաչմերուկները պետք է անցնի կանաչ լույսով։

Արման Սարգսյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության մասնագիտության շրջանավարտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Սարգսյանն Երևանի խցանումներից ազատվելու համար մանրամասն ուսումնասիրել է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը։

Նա էլ է նշում, որ ցանցը ծանրաբեռնված է։ Ավտոմատ կառավարման համակարգը ֆինանսական ու կազմակերպչական միջոցներ է պահանջում։ Բայց և արդյունավետ լուծում՝ ասում է գիտնականը։

Առաջարկն առավել արդյունավետ կգործի, եթե Երևանում ներդրվի ամբողջությամբ։ Բայց,   անգամ քաղաքային, մայրուղային փողոցները կոորդինացվելու դեպքում երկրորդական ուղղությունից եկող հոսքերը կթեթևանան։

Leave a Comment