12 դեկտեմբերի 2025 – 13:14 AMT
PanARMENIAN.Net – Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Հովսեփ Կուբաթյանը։
Նախատեսվում է, որ դրոշն ու զինանշանը այսուհետ լինելու են կապույտ։
Հարցը ներառվել է Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի օրակարգում։
Կուբաթյանը հրապարակել է նաև քաղաքապետարանի հիմնավորումը, որտեղ ասվում է, որ «Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին»։
«Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։
Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում»,– ասվում է հիմնավորման մեջ։
Նշված է, որ փոփոխությունը միաժամանակ կզարգացնի խորհրդանիշների ներկայացումը թվային հարթակներում, դրանք կդարձնի ավելի ժամանակակից և կհամապատասխանի նոր բրենդավորման պահանջներին։ Նախագծի համաձայն՝ գույների փոփոխությունը հիմնավորվում է նաև խորհրդանշական, գեղարվեստական և բրենդային նկատառումներով։