Օվերչուկ․ Ռուսական բիզնեսը սկսել է զգուշավոր վերաբերվել ՀՀ հետ աշխատանքին

Օվերչուկ․ Ռուսական բիզնեսը սկսել է զգուշավոր վերաբերվել ՀՀ հետ աշխատանքին

12 դեկտեմբերի 2025 – 13:20 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ռուսական բիզնեսը սկսել է զգուշավոր վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին՝ ընդգծելով, որ այս տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նկատելիորեն նվազել է։

Օվերչուկը նշել է, որ չնայած երկու երկրների միջև լավ կապերը պահպանվում են, 2025 թվականին արձանագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության էական նվազում, գրում է Interfax-ը։

«Մեր և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում այս տարի արձանագրվել է ապրանքաշրջանառության նվազում, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության մասին։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր $12․4 միլիարդ։ Այս տարի, ըստ ամենայնի, այն կկազմի մոտ $6 միլիարդ։ Սա շատ նկատելի անկում է», — ընդգծել է փոխվարչապետը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել է, որ 2025 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 51%-ով, իսկ 2023 թվականի համեմատ գրանցվել է 2 տոկոսանոց աճ։ Ընդգծվել է, որ առևտրի ներկայիս դինամիկան պայմանավորված է ինչպես բազայի կայունացմամբ, այնպես էլ Հայաստանի և Միության երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դրական միտումներով, հայտնում է Արմենպրեսը։

ԵՏՀ-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառությունը բնութագրվել է կտրուկ աճով, որը ձևավորվել է առանձին առևտրային գործարքների կարճաժամկետ և ոչ բնորոշ ակտիվության արդյունքում։ Սա, ըստ Հանձնաժողովի, ստեղծել էր բավական բարձր վիճակագրական բազա, ինչի հետևանքով 2025 թվականին սպասվում է վերադարձ ավելի չափելի և իրատեսական աճի տեմպերի, որոնք կհամապատասխանեն նախորդ տարիների զարգացումների տրամաբանությանը։

Ըստ ԵՏՀ-ի՝ ընթացիկ տարում դրական աճ է արձանագրվել Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող որոշ գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի ուղղությամբ։ Մասնավորապես, մեծացել են բանջարեղենի, մրգերի, ծաղիկների, պահածոյացված արտադրանքի արտահանման ծավալները, ինչպես նաև առանձին էլեկտրոնային սարքավորումների և կոշիկի արտահանումը։

Միևնույն ժամանակ, նկատվել է զգալի նվազում ֆերոհալվածքների, մոլիբդենի հանքաքարերի և կոնցենտրատների, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության որոշ տեսակների արտահանման մեջ։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ 2026 թվականին սպասվում է առևտրի չափավոր, բայց կայուն աճ։ Դրանում վճռորոշ դեր կարող են ունենալ Հայաստանի տնտեսության բարձր տեմպերի պահպանումը, ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության խորացումը, ինչպես նաև լոգիստիկ համակարգերի աստիճանական կայունացումը։ Բարենպաստ գործոն կլինի նաև սպառողական պահանջարկի ամրապնդումը։

Հանձնաժողովում միաժամանակ նշել են, որ առկա են որոշակի ռիսկեր, սակայն ընդհանուր դրական կանխատեսումները պահպանվում են, և ձևավորվում են փոխադարձ առևտրի վերականգնման և հետագա ամրապնդման կայուն նախադրյալներ։

Leave a Comment