ԱՄՆ առաջարկում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի արեւելյան տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտի, լրագրողներին ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ռուսաստանն այդ տարածքներն անվանում է ապառազմականացված գոտի եւ պահանջում, որ Կիեւն այնտեղից դուրս բերի զորքերը։
Ըստ Reuters-ի՝ հինգշաբթի Զելեսնկին հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու վերանայված 20 կետանոց շրջանակ՝ հավելելով, որ տարածքների զիջման հարցը մնում է բանակցությունների հիմնական խոչընդոտը։
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն որպես փոխզիջում առաջարկում է ստեղծել «ազատ տնտեսական գոտի» արևելյան Դոնբասի Ուկրաինայի կողմից վերահսկվող հատվածներում։
«Նրանք պատկերացնում են, որ ուկրաինական զորքերը դուրս կգան Դոնեցկի մարզից, իսկ որպես փոխզիջում՝ ռուսական զորքերն այնտեղ չեն մտնի։ Նրանք չգիտեն, թե ով պետք է կառավարի այս տարածքը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հերքել է այն հաղորդումները, որ Թրամփը ԱՄՆ առաջարկները մինչեւ Ծննդյան տոներ ընդունելու վերջնաժամկետ է սահմանել։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Կիեւի համար ժամանակային սահմաններ չի նշել։