«Նոան» հաղթել է «Լեգիային» և մոտ է փլեյ-օֆֆի ուղեգրին

«Նոան» հաղթել է «Լեգիային» և մոտ է փլեյ-օֆֆի ուղեգրին

12 դեկտեմբերի 2025 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կարողացել է կամային հաղթանակ տանել Լեհաստանի փոխչեմպիոն «Լեգիայի» նկատմամբ՝ գործնականում ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց «Լեգիայի» դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը` օգտվելով «Նոայի» պաշտպանի ու դարպասապահի անհամաձայնեցված գործողությունից (տեսանյութ)։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, բայց դարպասի այլ գրավում չարձանագրվեց, հայտնում է Factor.am-ը։

Երկրորդ կեսում դաշտի տերերն ավելի վճռական են եղել։ 57-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստ Մատեուս Այաշը կարողացել է գրավել մրցակցի դարպասը՝ վերականգնելով հավասարությունը խաղում։ Այդ պահը ևս ներառված է պաշտոնական տեսանյութում։

«Նոայի» առավելությունը հետագայում աճել է, ու թիմն այն կարողացել է նյութականացնել 84-րդ րոպեին։ Այս անգամ աչքի է ընկել բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, որը դարձել է հաղթական գոլի հեղինակ։ Նշենք, որ հենց նա էր կատարել գոլային փոխանցումը Մատեուս Այաշին՝ երկրորդ կեսում գրանցված առաջին գոլի ժամանակ։ Բոսնիացին այս մրցաշարում շարունակում է հիացնել՝ արդեն հինգերորդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ։

Լեհական ակումբի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ է մտել որպես փոխարինող՝ 82-րդ րոպեին։

Տուրից հետո «Նոան» վաստակել է 8 միավոր ու 5-րդ տուրից հետո 13-րդ տեղում է։ «Լեգիան» 3 միավորով զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը։ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ են դուրս գալիս առաջին 24 թիմերը։

Նախորդ խաղերում «Նոան» կարողացել է հաղթել խորվաթական «Ռիեկային» (1։0), ոչ-ոքի ավարտել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) և շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ հանդիպումները, ինչպես նաև մեկ պարտություն է կրել Չեխիայի գավաթակիր «Սիգմայից» (1։2)։

Leave a Comment