«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի թիմը իրականացրեց աշխատանքային այց Սյունիքի մարզ՝ նպատակ ունենալով քննարկել ծրագրի հիմնական բաղադրիչները և հատկապես նախրաքարշի կառավարման ու արոտօգտագործման բարելավման ուղղությամբ առաջարկվող լուծումները։
Այցի շրջանակում թիմը հանդիպումներ ունեցավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի, Գորիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի հետ։ Քննարկումները կենտրոնացած էին կենդանիների նախրաքաշի կառավարման արդիականացված մեխանիզմների, արոտների պահպանության և վերահսկողության համակարգային մոտեցումների վրա։
Քննարկումները ընդգրկեցին մի շարք ռազմավարական ուղղություններ․
- Նորարարական անասնապահական տեխնոլոգիաների ներդրում
- Համայնքային կարողությունների զարգացում
- Շուկայի զարգացման և մատակարարման շղթայի ամրապնդում
- Սյունիքի առանձնահատկությունների ներառմամբ լուծումների ձևավորում
Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանի բարդ լանդշաֆտին, գյուղատնտեսական սեզոնայնությանը և վերջին տարիների սոցիալ-տնտեսական փոփոխություններին։ Էկոպարեկային ծառայությունը ներկայացրեց նաև առկա խնդիրները՝ լեռնային ռելիեֆով պայմանավորված սահմանափակումներից մինչև կենդանիների շարժի վերահսկման առկա դժվարություններ։ Այդ համատեքստում քննարկվեցին տեղայնացված լուծումների հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան համայնքներին առավել արդյունավետ ինտեգրվել ծրագրի շրջանակներում նախատեսվող նորարարություններին։
Հանդիպումները հաստատեցին, որ պետական կառույցների, համայնքների և ծրագրային թիմի սերտ համագործակցությունը կարող է ստեղծել կայուն ու երկարաժամկետ հիմք Սյունիքում նորարար անասնապահական էկոհամակարգի ձևավորման համար։
INLIMA ծրագիրը շարունակում է խորացնել գործընկերային կապերը՝ միավորելով փորձը, գիտելիքն ու ռեսուրսները՝ գյուղատնտեսական ոլորտում իրական ազդեցություն և չափելի արդյունքներ ապահովելու նպատակով։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

