Հայաստանում պլաստիկ վերամշակող գործարանները փակվում են։ Պատճառն այն է, որ գործն այլևս շահութաբեր չէ. ծախսերն ավելի շատ են, քան օգուտը։ Մինչդեռ պլաստիկե թափոնի պակաս մեր երկրում չկա․ քանակությունը տարեցտարի ավելանում է։ «Նեքոպոլիմեր» ընկերությունը վերամշակող միակ ընկերությունն է, որը ևս փակման վտանգի տակ է։ Ընկերությունը յուրաքանչյուր ամիս 40-50 տոննա պլաստիկե թափոն է վերամշակում և արտահանում։ Ընկերության ղեկավարը ասում է՝ առնվազն 200 տոննա կարող են մշակել, այդքան թափոն կա, բայց շահույթ չկա։ Ի՞նչ կլինի, եթե ՊԷՏ տեսակի պլաստիկ վերամշակող այս ընկերությունն էլ փակվի։



Մենք գտնվում ենք Հայաստանում գործող եզակի պլաստմասսե նյութերի վերամշակման գործարանում։ Այս գործարանը միակն է Հայաստանում, որտեղ վերամշակվում է ՊԷՏ (պոլիէթիլեն տերեֆթալատ) տեսակի պլաստիկը։ Նախ կափարիչներից առանձնացվում են պլաստիկե շշերը, այնուհետև տեսակավորվում ըստ գույների, հետո միայն մանրացվում։ Գործարանում պլաստիկե շշերը վերածվում են մանր կտորների և տեղափոխվում մեծ պարկեր։ Իսկ շշերի կափարիչները հավաքվում են առանձին, քանի որ դա պլաստիկի այլ տեսակ է։ Այն վերավաճառվում է ներքին շուկայում՝ մրգի զամբյուղների, կախիչների կամ դույլերի արտադրության համար։
Ստրատեգիական այս հումքը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ հիմա, երբ ռուբլին արժեզրկված է և ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված պայմաններում այս հումքի արտահանումը այլևս ձեռնտու չէ, խնդիրը սրվել է։ «Նեքոպոլիմեր» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարուժան Աբրահամյանն է պատմում։ Ասում է՝ փորձում է ժամանակ ձգել. ստացվում է, քանի որ տարածքն իր սեփականն է, վարձ չի վճարում, սակայն մյուս ծախսերը հազիվ է փակում։


Պլաստիկի պակաս մեր երկրում չկա․ որքան ասես հումք կա, բայց ինչպես ասում են՝ «մեջը փող չկա»։ Վարուժանի խոսքով՝ խնդրի լուծումը հնարավոր է՝ ներդրումներ անելով և տեղում վերամշակված պլաստիկից սինտեպոն ստանալով։ Այս նյութը հնարավոր է իրացնել Հայաստանի շուկայում, պահանջարկ կա, սակայն տեխնոլոգիաներ ներդնելու համար կրկին գումար է անհրաժեշտ։
Պլաստիկե շշերը կամ տարաները վերամշակման գործարան են հասնում արդեն տեսակավորված՝ տարբեր ընկերություններից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքի տեսակավորման համար նախատեսված տարաներից հավաքված պլաստիկը վերջնարդյունքում հասնում է հենց այս գործարան։
Երևանի քաղաքապետարանում տեղյակ են խնդրից։ Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նշում է, որ խնդիրը քննարկել են շահագրգիռ գերատեսչությունների հետ, իսկ լուծումը պատկերացնում են նոր օրենսդրական փոփոխությունների միջոցով։