Կարող եմ հասկանալ երկրպագուներին․ Բելինգհեմն անդրադարձել է «Բեռնաբեուում» հնչած սուլոցներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (1-2) հետո՝ CBS Sport-ի եթերում, անդրադարձել է «Բեռնաբեուում» հնչած սուլոցներին: Երկրորդ կեսի միջնամասում երկրպագուները սուլել էին «Ռեալի» ֆուտբոլիստներին:

«Եթե անկեղծ, ես չեմ լսել, բայց կարող եմ հասկանալ երկրպագուներին: Նրանք այս ակումբում տեսել են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներին, նվաճել են ամենամեծ տիտղոսները: Նրանք մեծ գումար են վճարում՝ մեր խաղերին հաճախելու համար: Եթե ուզում են այդպես արտահայտել իրենց հույզերը, կարող են արտահայտել: Ես խնդիր չեմ տեսնում:

Մենք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է ճիշտ մոտեցում դրսևորենք և ուշադրություն չդարձնենք դրան: Ոչ ոք չի սիրում ոչ-ոքի արդյունքը կամ պարտությունը: Այս ակումբում ստանդարտներն անհամեմատ բարձր են»,- ասել է Ջուդ Բելինգհեմը:

Leave a Comment