Հաքերները կոտրել են ՌԴ-ում միասնական զինվորական ռեեստրի համակարգը մշակող ընկերության սերվերները

Քաղաքականություն

11.12.2025 | 22:27

Անանուն հաքերային խումբը կոտրել է Ռուսաստանի միասնական զինվորական հաշվառման գրանցման համակարգի հիմնական մշակող «Միկորդ» ընկերության սերվերները, հայտնել է «Идите лесом» իրավապաշտպան նախագծի ղեկավար Գրիգորի Սվերդլինը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ հաքերները կապ են հաստատել իր հետ և փոխանցել ռեեստրի հետ կապված մեծ քանակությամբ նյութեր՝ տեխնիկական և ֆինանսական փաստաթղթեր, ինչպես նաև սկզբնական կոդ։

«Հարձակման, տվյալների և ամբողջ ենթակառուցվածքի ոչնչացման պատճառով ռեեստրի մշակումը խափանվել է առնվազն մի քանի ամիս»,- գրում է Սվերդլինը։

«Միկորդ»-ի կայքը ներկայում անհասանելի է։

«Կայքը տեխնիկական սպասարկման փուլում է»,- նշված է էջում։

«Идите лесом» նախագիծը «Важныe истории»-ին տրամադրել է հաքերներից ստացված փաստաթղթերը: Աղբյուրը հայտնում է, որ ստուգել է փաստաթղթերի իսկությունը և հաստատել է «Միկորդ»-ի մասնակցությունը միասնական զինվորական ռեեստրիի մշակմանը: Լրագրողները խոստանում են շուտով հրապարակել գրանցամատյանի գործունեության վերաբերյալ հետաքննություն, որից հետո բոլոր փաստաթղթերը կհրապարակվեն։

Պարբերականը նաև կապ է հաստատել «Միկորդ»-ի տնօրեն Ռամիլ Գաբդրահմանովի հետ, որը հաստատել է հաքերային հարձակումը։

«Դա բոլորի հետ էլ պատահում է։ Այսօր շատ մարդիկ են հարձակման ենթարկվում»,- լրագրողներին ասել է նա։

Նա չի մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք ընկերությունը ներգրավված է զինվորական հաշվառման ռեեստրի մշակման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment