Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու Թրամփի «խաղաղության ծրագիրը». Axios

ԱՄՆ պաշտոնյաները շաբաթ օրը Փարիզում կհանդիպեն Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագիրը», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։

Նշվում է, որ Փարիզի հանդիպումը տեղի կունենա Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի միջև չորեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդիպմանը կներկայացեն ազգային անվտանգության խորհրդականները, սակայն պարզ չէ, թե արդյոք պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նաև Թրամփի ազգային անվտանգության խորհրդականն է, կմասնակցի դրան», — նշում է Axios-ը։

Ուկրաինայի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում ղեկավարել է Ռուբիոն, բայց դրանից հետո բանակցությունները վարել են բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Ուկրաինան Վաշինգտոնին ներկայացրել է թարմացված խաղաղության ծրագիր։ Ինչպես հաղորդում է Axios-ը, այն պարունակում է տարածքային վեճերի լուծման նոր գաղափարներ, նաև անդրադառնում է Զապորոժյեի ատոմակայանին, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Leave a Comment