Քանի ընտրությունները մոտենան, իշխանության ներսից էլի լսելու ենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալու կոչեր. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս կամփոփեք ու կգնահատեք Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցը:

– Որպես կանոն՝ նման այցերին դրական եմ վերաբերվում, որովհետև որքան շատ երկրների հետ ունենանք նորմալ երկխոսություն, այնքան դա բխում է Հայաստանի շահերից, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է այցը կատարել: Ես արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացման կողմնակից եմ, եթե աշխարհաքաղաքական մի կենտրոնի հետ շփումները տեղի չեն ունենում մյուսի հաշվին, ու մենք ճիշտ բալանսը պահելով՝ կարողանում ենք ճիշտ քաղաքականություն վարել, մշտապես դրական եմ վերաբերվել: 

Զուտ Գերմանիա կատարած այցի հետ կապված, բնականաբար, բացասական գնահատական չեմ կարող տալ, մանավանդ որ Գերմանիայից Նիկոլ Փաշինյանն անմիջապես մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Այս իրողությունը թեթև հույս է տալիս, որ նա իր քաղաքականության եվրոպական ուղղությունը չի փորձում հակադրության մեջ դնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետ: 

Իհարկե այս իշխանության պարագայում միշտ բոլոր արտաքին քաղաքական այցերը ռիսկային են, որովհետև գործ ունենք չափից դուրս ոչ կոմպետենտ և սեփական քաղաքական օրակարգը պետական օրակարգի նկատմամբ գերակա համարող մարդու հետ:

– Իսկ մոսկովյան այցից ի՞նչ կարելի է ակնկալել:

– Դա մեր ավանդական դաշնակից հարաբերությունների դաշտն է, բայց շատ հետաքրքիր կլինի դիտարկել, թե Փաշինյանը ի՛նչ հանդիպումներ կունենա երկկողմ հարթության վրա. Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի՞, թե՞ չի հանդիպի կամ ի՞նչ այլ շփումներ կունենա: Ամեն դեպքում, գոնե այն փաստը, որ Հայաստանն այս պահին առաջնահերթություն չի համարում ԵԱՏՄ-ից դուրս գալը, էլի դրական է: 

– Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը, որովհետև կար մի ընթացք, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այդ կառույցից դուրս գալը անհրաժեշտություն էին համարում:

– Երբ ներքաղաքական կոնյունկտուրայում պետք լինի, դարձյալ խոսելու են այդ մասին, երբ քիչ առաջ ասացի դիլետանտիզմի ու սեփական քաղաքական օրակարգը պետականի հանդեպ գերակա համարելու մասին, հենց դա նկատի ունեի։ Այս մարդիկ այդ սահմանը չեն տարբերում ու անընդհատ հիմար վիճակի մեջ են հայտնվում, ինչպես ընկել են ՀԱՊԿ-ի հետ կապված: 

Գլոբալ առումով Հայաստանին այլ տեղ ոչ մեկը չի էլ սպասում, որ այս իշխանությունն էլ կարողանա արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձ անել: Իհարկե իշխանությունն այդ փորձերը չի դադարեցնում, բայց ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ի մասով մենք ապագայում ականատես լինենք ինչ-որ կտրուկ շրջադարձի, որովհետև մեր տնտեսության մեծ մասը կախված է եվրասիական շուկայից, ավելին ասեմ՝ դու չունես եվրոպական չափանիշներին համապատասխանող ապրանքներ, ծառայություններ, իսկ այս պարագայում նույնիսկ դեմագոգիկ իշխանությունների պարագայում դժվար է պատկերացնել նման անհավասարակշիռ մոտեցում: Բայց քանի ընտրությունները մոտենան, նրանց հակառուսական շեշտադրումները ուժեղանալու են, իշխանության ներսից էլի լսելու ենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալու կոչեր, չեմ էլ բացառում, որ կփորձեն ՀԱՊԿ-ից դուրս գալ: 

– Բայց ասում են, թե դուրս եկածի հաշիվ է:

– ՀԱՊԿ-ից դուրս չեն եկել, որովհետև այնտեղ սառեցման ռեժիմ չկա, այդ կառույցի մեջ է Հայաստանը, իսկ այդ կիսատ-պռատությունն էլ, կներեք, փնթի արտաքին քաղաքականության դրսևորում է: Նիստի չի մասնակցում, սառեցված է, բայց վետո չի կիրառում ընդունված որոշումների վրա, դե յուրե մնում է կազմակերպության անդամ, բայց անդամավճար չի վճարում, իսկ սա լուրջ մոտեցում չէ:

– Ձեզ ճի՞շտ հասկացա, որ Հայաստանի իշխանությունը նման հայտարարություններ անում է ներքին լսարանի համար:

– Իհարկե Նիկոլ Փաշինյանը ուզում է երկրի ռազմավարական կուրսը փոխել, սա միանշանակ է, ասեմ ավելին՝ նա երկիրը վերածել է ԵՄ-ի ուլտրալիբերալ գլոբալիստական ուժերի ֆորպոստի: Այդ փաստը կա, բայց միշտ չէ, որ իշխանության ցանկությունները իրականություն են դառնում: Կստացվի՞ արտաքին քաղաքական կուրսը փոխել՝ կփոխեն, եթե չստացվի, առնվազն, այո՛, ներքաղաքական շահարկումների դաշտում հակառուսականությունն օգտագործելու են: 

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր խոսքում ասացիք, թե այնպես էլ չէ, որ Հայաստանին ինչ-որ տեղ սպասում են, որ Հայաստանն էլ գնա: Իսկ դա ինչի՞ հետևանք է: 

– Իսկ ո՞վ է պատրաստ քեզ անվտանգության երաշխիքներ տալ: 

– Ասում են՝ Արևմուտքը:

-Արևմտյան ո՞ր երկրից եք լսել, որ պատրաստ է երեք բան անել. այստեղ ռազմաբազա տեղակայել, մեզ երաշխիքներ տալ, որ պատերազմի մեջ կմտնեն Հայաստանի կողմից այն ժամանակ, եթե Թուրքիան կամ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Ես հակառակը կարող եմ ասել. ԱՄՆ-ում անցած շաբաթ հրապարակվեց Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, որտեղ ուղղակի Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը առաջնահերթություն չեն ԱՄՆ-ի համար: Այն, որ այստեղ մեծ-մեծ խոսում էին՝ TRIPP-ը նշանակում է անվտանգության երաշխիք, ԱՄՆ-ն այստեղ է, բայց ԱՄՆ-ն պաշտոնապես հակառակն է ասում: 

Նույնիսկ մեզ հետ ամենասերտ հարաբերությունների մեջ գտնվող Ֆրանսիան պատրաստ չէ մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրելու: Արևմտյան որևէ երկիր գիտե՞ք, որ պատրաստ է հանուն Հայաստանի հակասության մեջ մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: 

– Իսկ Ռուսաստանի կողմից կա՞ այդ պատրաստակամությունը:

– Փաստաթղթային մակարդակով Ռուսաստանը տվել է այդ երաշխիքները ու բազմաթիվ փաստաթղթերում, այլ խնդիր է, որ մենք օբյեկտիվորեն դժգոհ ենք ՀԱՊԿ-ից կամ հայ-ռուսական դաշնակցությունից, դժգոհելու տեղ էլ ունենք, անկեղծ ասած: 

Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք կա. մենք ռուսական թերի անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության հետ, այլ ինչ-որ իդեալական համակարգի հետ, որը երբեք գոյություն չի ունենալու: Եթե Ռուսաստանը նույնիսկ այս թերի վիճակի անվտանգային երաշխիքներ չտա Հայաստանին, ապա մեր վիճակը շատ ավելի սարսափելի կլինի, որպես օրինակ ասեմ, որ հետպատերազմյան այն փուլում, երբ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացավ, Հայաստանի համար սկսվեցին ամենամեծ խնդիրները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment