Գործադիրը 6 ամսով երկարաձգել է ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամկետը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքի կիրառման ընթացքում՝ 2023 թ. մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։