Գործադիրն ընդունել է «Զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին» որոշում՝ զբոսաշրջային ուղղությունների համակարգված և համաչափ տարածքային զարգացմամբ պայմանավորված:
Որոշման ընդունման նպատակն է՝ խրախուսել գյուղական բնակավայրերին հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին, ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող գյուղերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում, բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը, բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ, ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը, խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։
Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային գյուղերի կառավարման պլան։
Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։ Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։