Վենեսուելան ԱՄՆ-ի կողմից նավթային լցանավի կալանումը որակել է «կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ»


ԱՄՆ զինվորականները Վենեսուելայի ափերի մոտ կալանել են նավթային լցանավ: Bloomberg գործակալության տվյալով՝ այն գտնվում է պատժամիջոցների ցուցակներում։ Լցանավի կալանումը կարող է բարդացնել վենեսուելական նավթի արտահանումը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լցանավի կալանումը: Թրամփի խոսքով՝ դա իրենց՝ երբևէ կալանած ամենամեծ լցանավն է:


«Այն կալանվել է շատ հիմնավոր պատճառով»,- նշել է Թրամփը՝ առանց մեկնաբանելու պատճառը:


Վենեսուելան նավթային լցանավի կալանումը որակել է «կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ»:  


«Դեռ 2024 թվականի իր քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ իր նպատակը Վենեսուելայի նավթը զավթելն է՝ առանց դրա դիմաց որևէ փոխհատուցման: Դա մեր էներգետիկ հարստությունը թալանելու կանխամտածված ծրագրի մի մասն է»,- հայտարարել են Վենեսուելայի ԱԳՆ-ից:

Leave a Comment