11 դեկտեմբերի 2025 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարել է, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու կարիք չկա, քանի որ ժամկետների երկարաձգումը կկատարվի ավտոմատ եղանակով։
«ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին փոխարինված ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումից անմիջապես հետո։
Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը։ Սակայն եթե մինչև այս տարվա վերջ փորձեք QR-ով ստուգել, երկարաձգված ժամկետը չի երևա, քանի որ համակարգը կթարմացվի միայն Կառավարության նոր որոշման ընդունումից հետո»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։