Թրամփը պահանջում է զբոսաշրջիկներից ներկայացնել հինգ տարվա սոցիալական մեդիայի պատմությունը՝ ԱՄՆ մուտք գործելու համար

ԱՄՆ իշխանությունները նոր խիստ պահանջ են սահմանում արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար: Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է պարտադրել, որ այցելուները ներկայացնեն իրենց սոցիալական մեդիայի վերջին հինգ տարվա ամբողջ պատմությունը՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։

Որոշումը վերաբերում է նաև վիզայից ազատված երկրների քաղաքացիներին, ներառյալ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, ճանապարհորդները պարտավոր կլինեն բացել իրենց սոցիալական մեդիայի հաշիվները, տրամադրել վերջին տասը տարվա իրենց էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև այլ անձնական տվյալներ ու ազգականների մասին տեղեկություն։

ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը փոփոխությունները հրապարակել է երեքշաբթի երեկոյան՝ ընդգծելով, որ նոր կանոնները տարածվելու են նաև ESTA համակարգով մուտք գործող այցելուների վրա։ Մինչ այս, վիզայից ազատված երկրների քաղաքացիները պարզապես լրացնում էին էլեկտրոնային ձևը, վճարում 40 դոլար և ստանում երկամյա թույլտվություն։

Սա Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության հերթական խստացումն է։ Այս տարվա ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտը արդեն հայտարարել էր, որ որոշ կատեգորիայի վիզայի դիմորդները պարտավոր են իրենց սոցիալական մեդիայի էջերը դարձնել հանրային։ Միաժամանակ, վարչակազմը Սոցիալական մեդիայի ստուգումն օգտագործում է «հակաամերիկյան գործունեությունը» բացահայտելու համար, ինչը ԱՄՆ Քաղաքացիության և միգրացիոն ծառայությունների գնահատմամբ կարող է դառնալ դիմումի մերժման պատճառ։

Խստացումները նախապատրաստվում են 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից և 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ, որոնք ԱՄՆ են բերելու հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։

Leave a Comment