2025 թվականի սեպտեմբերի 11-ին և 18-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը։
Ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաձայնագրով Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 70.4 միլիոն եվրո՝ իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ ստորագրումից հետո 180 օր, իսկ Ծրագրի տևողությունը՝ ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ 2026թ. մարտի 31։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից՝
- ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում
- գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում
- ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում
- ծրագրի կառավարում: