Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պատասխանել է լրագրողների հարցերին «Նոայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ։
«Շատ ուրախ եմ տուն վերադառնալու համար։ Իմ կարիերայում սա առաջին դեպքն է, երբ խաղալու եմ Հայաստանը ներկայացնող թիմի՝ իմ հայրենակիցների դեմ։ Թեթև վնասվածքից հետո ինձ շատ լավ եմ զգում։ Պատրաստ եմ խաղին և անհամբերությամբ եմ սպասում մեկնարկին։
Մենք շատ լավ ենք ուսումնասիրել մրցակցին, դիտել ենք նրանց խաղերը։ «Նոան» որակյալ ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որը գործում է բարձր ինտենսիվությամբ և աչքի է ընկնում լավ կազմակերպվածությամբ։
Գիտակցում ենք, որ հեշտ հանդիպում չի լինելու։ Երկու թիմերն էլ այժմ ճգնաժամային փուլում են։ Հույս ունենք, որ վաղը կհաղթենք և վերջ կդնենք անհաջողությունների այս շարքին»,- ասել է Բիչախչյանը։
Հիշեցնենք, որ «Նոա» — «Լեգիա» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 11-ին, 21։45-ին։
Armsport