Բաքվում Գալուզինը քննարկել է ՌԴ-Ադրբեջան օրակարգի և տարածաշրջանի հարցերը


Դեկտեմբերի 8-10-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ, նրան ընդունել է նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Քննարկվել են ռուս-ադրբեջանական բազմակողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները: Հատուկ շեշտադրում է կատարվել երկկողմ օրակարգի արդիական հարցերին և դրա իրականացման ծրագրերին:


Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ քաղաքական երկխոսությունը շարունակելու, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունն ընդլայնելու հարցերում՝ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների համաձայն։ Ռուսական կողմը շեշտել է Բաքվում հունիսի վերջին և հուլիսի սկզբին ձերբակալված ՌԴ 11 քաղաքացու արագ ազատ արձակման կարևորությունը։


Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, ներառյալ ՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը և ռուսական կողմից այդ գործընթացին հնարավոր աջակցությունը՝ 2020-2022թթ.բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա:


Հաստատվել է «Կասպյան հնգյակի» շրջանակներում բազմակողմ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը: Կողմերը հետաքրքրություն են հայտնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա գումարած Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) անխափան գործունեության պահպանման հարցում՝ այնտեղ գտնվող պետությունների և նրանց անմիջական հարևանների ուժերով Հարավային Կովկասի խնդիրների լուծումն ապահովելու համատեքստում:


Մտքեր են փոխանակվել ԱՊՀ-ի և եվրասիական մայրցամաքում գործող այլ կազմակերպությունների խնդիրների շուրջ:Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային թեմաների:

Leave a Comment