Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեծ խառնաշփոթ է ստեղծելու առողջապահության համակարգում. Անուշ Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը

– Տիկի՛ն Պողոսյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2026 թ հունվարի 1-ից, բայց ենթադրում է փուլային ներդրում։ Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք նախագծի վերաբերյալ:

– Դեռ չեն հրապարակել ենթաօրենսդրական ակտերը, ընդամենը ունենք երկու ենթաօրենսդրական ակտ e-draft-ում հրապարակված, որ վերաբերում են հիմնադրամի կանոնադրությանը և բժշկական կենտրոնների հետ կնքվելիք պայմանագրերի ձևերին: Այսինքն՝ դեռ ոչ մի փաստաթուղթ ապահովագրության կազմակերպման համար ընդունված չէ, ինչն էլ առաջացնելու է առաջին խնդիրը, երբ հունվարի 3-ից՝ այսինքն՝ հաջորդ տարվա առաջին աշխատանքային օրվանից, մեր քաղաքացիները չեն կարող սպասարկվել ապահովագրությամբ, ինչը խոստանում էր այս կառավարությունը: 

Երկրորդ՝ հիմնադրամի ստեղծման հետ կապված լուրջ խնդիրներ կան և՛ կադրային քաղաքականության առումով, հենց երեկ անդրադարձել եմ շուրջ 65 քաղծառայողների մասով, որոնք Պետական առողջապահական գործակալությունում են աշխատում, ու անհասկանալի է այդ աշխատողների ճակատագիրը, ինչպես նաև հիմնադրամը ստեղծվում է նույն հասցեով, ինչ Պետական առողջապահական գործակալությունը: 

Հիմա հասկանալի չէ՝ այդ երկու կառույցը իրար հե՞տ են աշխատելու, առանձին- առանձի՞ն են աշխատելու, մի խոսքով՝ այսպիսի անհասկանալի խառնաշփոթ է ստեղծված, որի պատճառով անհանգիստ են և՛ աշխատակիցները, և՛ ընդհանրապես բնակչությունը, որովհետև իրենք չգիտեն, թե ինչ է իրենց սպասում, անգամ այդ 200 հազար և ավելի աշխատավարձ ստացողները, որ հունվարի 1-ից պետք է վճարեն դրա համար: 

Փաստաթուղթն անհասկանալի է, գնահատական հնարավոր չէ տալ, որովհետև չկան փաթեթները, այսինքն՝ Ազգային ժողովը ընդունում է մի նախագիծ, որի համար քաղաքացիները վճարելու են ու չգիտեն՝ ինչի համար են վճարում: 

Իմ գնահատմամբ՝ հունվարի 3-ին մեր քաղաքացիները դիմելու են բժիշկներին, բժիշկները չեն ունենալու պայմանագրեր, մերժելու են քաղաքացիներին, ինչի հետևանքով կոնֆլիկտ է լինելու քաղաքացիների ու բուժանձնակազմի միջև: 

– Փաստորեն, քաղաքացին վճարելու է, չիմանալով, թե դրա դիմաց ի՞նչ է ստանալու:

– Այո՛, ես կասկածներ ունեմ, որ վերջում նույն այս պետպատվերի փաթեթն են հրամցնելու՝ անունը դնելով ապահովագրություն, այսինք՝ ռեբրենդինգ են անելու պետպատվերը, որի շուրջ 51 միլիարդը վճարելու են քաղաքացիները, որովհետև մենք 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող 395 հազարի կարգի քաղաքացիներ ունենք: 

– Ներկայիս առողջապահության համակարգը պատրա՞ստ է ապահովագրության համակարգը կյանքի կոչելու, տիկի՛ն Պողոսյան: 

– Սա ոչ միայն իմ գնահատականն է, այլև հենց առողջապահության նախարարը իր բազմաթիվ ամենօրյա լայվերի ընթացքում փաստում է, որ ապահովված չեն: Նա օրերս լայվ էր անում Հայաստանի ամենամեծ ու ամենաշատ հավաքագրում ունեցող պոլիկլինիկայից ու փաստում, որ անգամ այդտեղ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, իսկ եթե դա տարածենք գյուղական ամբուլատորիաների, մարզային պոլիկլինիկաների վրա, կարող ենք միանշանակ ասել, որ պատրաստ չեն, լինելու են եռակի–քառակի անգամ ավելի թվով ծառայություններ, այսինքն՝ հաճախումների ավելացում, իսկ մասնագիտական կազմը պատրաստ չէ այդ հոսքին, նաև տեխնիկական հնարավորությունները չեն գնահատված, ինչպես նաև վերանայված չէ բուժաշխատողների աշխատավարձը, այսինքն՝ նրանք նույն աշխատավարձով կատարելու են եռակի ավելի գործ, որը կարող է բժիշկների մոտ մեծ դժգոհությունների պատճառ դառնալ: 

– Իսկ վճարման չափը, որը քաղաքացին պետք է վճարի այդ ապահաովագրության դիմաց՝ 120 հազարից 164 հազար 400 դրամ, նորմա՞լ է:

– Չկա այն հաշվարկը, որով որոշվել է այդ գումարը: Նրանք տալիս են մեկ փաթեթ, այսինքն՝ 0-18 տարեկանները, 65+ -ները և 200 հազար դրամ ու ավելի աշխատավարձ ստացողները ստանալու են նույն փաթեթը, բայց հասկանալի է, որ այս տարիքային խմբերի խնդիրները բոլորովին այլ են: Այս ամենի հետևանքով մեծ խառնաշփոթ է լինելու առողջապահության համակարգում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment