Սահակյան․ Բանակցություններում չունենք հավասարը հավասարի հետ գործընթաց, ինչն ազդում է գերիների հարցի վրա

Սահակյան․ Բանակցություններում չունենք հավասարը հավասարի հետ գործընթաց, ինչն ազդում է գերիների հարցի վրա

10 դեկտեմբերի 2025 – 17:54 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող դատավարությունը, ըստ ամբողջությամբ ցուցադրական բնույթ է կրում` նրանց նկատմամբ խիստ պատիժների պահանջը ևս ցուցադրական կերպով է կատարվում։

Նա հիշեցրել է, որ բոլոր նախկին ղեկավարների համար Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում՝ բացառությամբ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած մեղադրյալների նկատմամբ չի կարող կիրառվել այդ պատժատեսակը։ Սահակյանի խոսքով՝ դատախազներն իրենց ելույթներում շեշտել են խիստ պատժի անհրաժեշտությունը, և քանի որ ցմահ ազատազրկումը անհնար է, փոխարենը պահանջել են 20 տարվա ազատազրկում, հայտնում է Panorama.am-ը։

«Խստագույն պատժի կիրառումը, իմ գնահատմամբ, խորհրդանշական է, քանի որ նշված անձինք, ըստ էության, դատապարտվում են իրենց իրավունքների իրացման համար, որը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հետ։ Մեծ հաշվով, Բաքվի դատարաններում քննարկում էին Արցախի ինքնորոշման իրավունքը և հասկանալի է, որ պետք է դատապարտեին կամ մահվան, որը Եվրոպայի խորհրդի անդամ լինելու ուժով անհնար է, կամ ցմահ ազատազրկման՝ ի ցույց դնելու, որ Արցախի ինքնորոշման էջը փակված է, այդ իրավունքն անորոշ ժամկետով ազատազրկված է, հայության որևէ խումբ երբեք չպետք է մտածի Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարի մասին»,- ասել է Սահակյանը։

Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ վճիռները մեղադրական են լինելու, և ընտրվելու են դատախազների ներկայացրած պատժատեսակները, քանի որ այս դատարանները երբեք չեն իրականացրել իրական արդարադատություն։

«Ադրբեջանում առհասարակ անկախ դատարաններ գոյություն չունեն, քաղաքական գործիքներ են այլախոհներին ճնշելու համար։ Հատկապես ռազմական դատարանները, որտեղ քննվում են հայերին առնչվող գործերը, ամբողջովին շահագործվում են գործադիր իշխանության կողմից»,- ասել է Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը։

Նա հավելել է, որ մեղադրանքները և պատժիչ որոշումները քաղաքական պատվերով են հաստատվում։

«Մեր խնդիրն է այս դատավարության ընթացքում թույլ տրված խնդիրների բարձրաձայնումը միջազգային ատյաններում և այնպիսի միջազգային դատական ակտերի կայացումը, որոնք կապալեգիտիմացնեն ամբողջովին Ադրբեջանի դատարանների գործունեությունը։ Նախադեպեր ունենք»,–ասել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե ում նկատի ունի «մեր» ասելով՝ իրավապաշտպաններին, ՀԿ-ե՞րին, և ինչ կարող է անել պետությունը՝ Սահակյանն նշել է, որ պետական մոտեցումը տարբերվում է, և կան որոշակի բացթողումներ։

«Պետական գործելակերպն այլ է։ Կան բացթողումներ։ Մենք միշտ ոգևորությամբ ենք խոսել իրավական գործընթացերի մասին, որոնք նախաձեռնել էր պետությունը, ցավոք սրտի, դրանք սպառնալիքների ներքո են։ Քաղաքական պրոցեսներ, իհարկե, ընթանում են, սակայն մեր հիմնական դիտարկումն այն է, որ քաղաքական բանակցություններում չունենք հավասարը հավասարի հետ գործընթացներ և այս անհավասարությունն ազդում է արդյունքների վրա։ Այստեղ հայկական կողմի շահերը պաշտպանված չեն, քանի որ, իմ գնահատմամբ, հայկական կողմը գտնվում է մշտապես սպառնալիքների, ճնշումների ներքո»,–ասել է նա։

Այն հարցին, թե ինչ պայմաններում կարելի է ակնկալել գերիների ազատ արձակում, Սահակյանը պատասխանել է, որ այդ հարցում ամերիկյան կողմն ունի լուրջ ազդեցության հնարավորություններ։

«Քանի որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է ամերիկյան կողմի ջանքերով, ունեն բոլոր հնարավորությունները ներազդելու Բաքվի իշխանությունների վրա։ Կարծում եմ՝ ունեն բարոյական պարտավորվածություն այս հարցերի շուրջ։ Եթե համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանն ուղղված առարկայական քայլեր լինեն, կարծում եմ, դրան զուգահեռ ադրբեջանական կողմն ազատ կարձակի որոշակի թվով գերիներ։

Բայց ազատ արձակումը ուղիղ կախված է խաղաղության համաձայնագրի կատարման աստիճանի հետ»,–ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment