
ԱՄՆ-ի հանրապետական քոնգրեսական Թոմաս Մասսին ներկայացրել է օրինագիծ՝ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերաբերյալ: Այս մասին նշվում է քաղաքական գործչի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի վերապրուկ է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական երկրի պաշտպանության համար, այլ ոչ թե սոցիալիստական երկրների»,- նշվում է հրապարակման մեջ։
Քոնգրեսականը շեշտել է, որ Ամերիկան չպետք է լինի համաշխարհային անվտանգության երաշխավորը, հատկապես, երբ հարուստ երկրները հրաժարվում են վճարել իրենց պաշտպանության համար։
Օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնապես տեղեկացնի Դաշինքին դուրս գալու մասին, արձանագրում է, որ Սառը պատերազմի ժամանակաշրջանի դաշինքի սկզբնական նպատակը այլևս չի ծառայում Միացյալ Նահանգների ազգային շահերին, սահմանում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բավարար տնտեսական և ռազմական ներուժ ունեն իրենց սեփական պաշտպանությունն ապահովելու համար, և կանխում է ԱՄՆ-ի հարկատուների միջոցների օգտագործումը կազմակերպության ընդհանուր բյուջեները ֆինանսավորելու համար։
Հանրապետական սենատոր Մայք Լին ԱՄՆ-ի Սենատում ներկայացրել է ուղեկցող օրինագիծ։