Բեյրությում ծնված հայազգի տաղանդավոր բարիտոնը․ Տիգրան Ժամկոչյան. «Գրեթե 100 տարի»

Համբավավոր օպերային երգիչ Տիգրան Ժամկոչյանը՝ ծնված 1938 թվականի մարտի 15-ին, Բեյրութում, ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում, գերել է օպերային արվեստի սիրահարներին Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում,  Իտալիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և այլուր:

Նա իր համերգային ծրագրերում միշտ ներառել է հայ կոմպոզիտորների գործերը: Երգչի երաժշտական ուսումնառությունը սկսվել է Բեյրութի կոնսերվատորիայում, ապա՝ շարունակվել Վենետիկում և Միլանում։ 

1969 թվականին Տ. Ժամկոչյանի կատարմամբ Կ․Պոլսի՝ Ստամբուլի ռադիոկայանից առաջին անգամ հնչել է հայերեն երգ: Եվ դա Ա. Խաչատրյանի «Խնջույքի երգ»-ն էր: Իմիջիայլոց, դա Տիգրան Ժամկոչյանի առաջին ելույթը չէր Պոլսի ռադիոկայանով: 1963 թ. մարտին, նրա կատարմամբ   հեռարձակվել էր օպերային 3 դերերգեր: Նույն՝ 1963թվականին Մարգարի դերերգը Տ. Չուհաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկ օպերայում մեծ ընդունելություն է գտել Բեյրութում, ապա ձայնագրվել է Երևանում ՝ դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանի ղեկավարած Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Մեր տաղանդավոր հայրենակիցն առաջին անգամ Երևան է եկել 1965 թվականին և ելույթ ունեցել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Իսկ 1981 թվ․–ից մեկ տարի շարունակ, աշխարհի մեծ բեմեր նվաճած երգիչն, Երևանում վարպետության դասեր է անցկացրել։ Եվ, անշուշտ, ձայնագրվել է այն ժամանակ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ձայնագրման տաղավարում: Այսօր հայկական ձայնասփյուռի ոսկե ֆոնդում Տիգրան Ժամկոչյանի կատարմամբ 4 տասնյակի հասնող ձայնագրություններ կան՝ գրեթե 50 տարի առաջ արված: 

Leave a Comment