Բոլոր հակամարտություններում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Գրիգորյան


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն այժմ քննարկում են, թե ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել։


«Ցանկացած կոնֆլիկտում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու հասարակություններին։ Թրամփի ուղու կյանքի կոչման հարցը ներկայումս ինտենսիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի հետ։ Հաջողությունը մեծ է, և մենք դա նշում ենք»,- ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:


Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են շարժվել դեպի խաղաղություն և մի կողմ դնել տարաձայնությունները:


«Հակամարտության էջը փակված է, իրական խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրի: Համատեղ խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների գլոբալ համատեքստում»,-ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։


Գրիգորյանն ու Հաջիևն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է, իսկ խաղաղությունն անշրջելի է, և որ կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Leave a Comment