Համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական ձեռնարկն արդեն հասանելի է հայերեն՝ անվանի վիրաբույժ Շահեն Դանիելյանի խմբագրմամբ

Հայերեն լույս է տեսել նշանավոր վիրաբույժներ Աշեր Հիշրբերգի և Քենեթ Մետտոքսի «Դանակի վարպետ․ Top Knife․ Վնասվածքային վիրաբուժության արվեստն ու արհեստը» համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական ձեռնարկը՝ անվանի վիրաբույժ Շահեն Դանիելյանի խմբագրմամբ։

19 լեզվով թարգմանված գիրքը համաշխարհային բժշկական աշխարհի կոթողային աշխատություններից է, որը տասնամյակներ շարունակ կիրառվել է ռազմական վիրաբուժության ոլորտում, արտակարգ բժշկական օգնության ժամանակ։

Այն հանրամատչելի ներկայացնում է Damage control (վնասների վերահսկման) վիրաբուժության ժամանակակից մոտեցումները՝ ամփոփելով ամերիկյան, եվրոպական ռազմական առաջատար դպրոցների փորձը։

Հայերեն հրատարակությունը լրացնում է այն բացը, որը տարիներ շարունակ առկա էր բժշկական մասնագիտական նյութերի հասանելիության մեջ։ Արցախյան պատերազմների ընթացքում ստացված ծանր վիրավորումները և արտակարգ պայմաններում առաջացած վիրաբուժական դժվարությունները ցույց տվեցին նման համակարգված ու կիրառական ձեռնարկների անհրաժեշտությունը։

Damage control վիրաբույժը գործում է ժամանակի, ռիսկի և կյանքի սահմանագծին։ Այս ձեռնարկը հենց այդպիսի իրավիճակների համար է, երբ որոշումը պետք է կայացվի ակնթարթի արագությամբ, երբ վիրաբույժի յուրաքանչյուր գործողություն բառացիորեն որոշում է հիվանդի կենաց–մահու խնդիրը։

Հայերեն հրատարակության գիտական խմբագիրն է բ.գ.դ., պրոֆեսոր Շահեն Դանիելյանը։ Նա բացառիկ փորձառության տեր կրծքային վիրաբույժ է, ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Ռուսաստանի առաջատար բժշկական կենտրոններում, եղել Մոսկվայի կենտրոնական օկրուգի կրծքա-որովայնային գլխավոր վիրաբույժ, ՌԴ Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետոզոտական ինստիտուտի առաջատար մասնագետ։

44-օրյա պատերազմից հետո Շահեն Դանիելյանը վերադարձել է Հայաստան՝ իր գիտելիքներն ու փորձը ներդնելու հայրենի բժշկության ապագայի ձևավորման գործում։ Այսօր նա Առողջապահության ազգային ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչն է, «Աստղիկ» ԲԿ կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավարը, հեղինակ է ավելի քան 200 գիտական հրապարակումների։

«Հայերեն այս սքանչելի աշխատության հրատարակման ժամանակը պատահական չի ընտրված: Հայաստանում (Արցախը ներառյալ) վերջին ռազմական գործողությունների ընթացքում վնասվածքային վիրաբուժության ոլորտում կուտակված փորձը և տարածաշրջանում հարատև պատերազմական սպառնալիքը ևս մեկ անգամ ընդգծում են «դեմիջ քնթրոլ» վիրաբուժության սկզբունքների ներդրման հույժ կարևորությունը: …Համոզված եմ, որ Հայաստանի առողջապահության համակարգում «դեմիջ քնթրոլ» վիրաբուժության սկզբունքների համակարգված ներդրումը վստահաբար կհանգեցնի մեր երկրի քաղաքացիների և զինծառայողների կյանքի անվտանգության բարձրացմանը»,- նախաբանում գրել է Շահեն Դանիելյանը:

«Թոփ նայֆ»-ը կարելի է համարել կարևոր ուղեցույց վիրաբուժության աշխարհում ճանապարհորդող յուրաքանչյուր վիրաբույժի համար: Չնայած վնասվածքային վիրաբուժության ծանրության ու լրջագույն թեմաների արծարծմանը՝ գիրքը կարդացվում է գրեթե մեկ շնչով, և բառացիորեն ամեն տողը կարդալիս հասկանում ես, որ ստացածդ գիտելիքի շնորհիվ կփրկես ևս մեկ կյանք… կյանքեր»,- գրում է գրքի հայերեն հրատարակության թարգմանիչ-խմբագիր, Հայ բժշկագիրների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Աբրահամյանը:

Գիրքը հասանելի է առցանց՝ անվճար այստեղ։

MediaLab.am

Leave a Comment