Մեր ռազմավարությունն է չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նորը. Փաշինյան


Կա մի կարևոր ասացվածք, որ պետք է դասեր քաղել պատմությունից, բոլորը դրա մասին գիտեն: Բայց խնդիրն այն է, որ չկա կոնկրետ ցուցում, թե պատմության որ էջում են այդ դասերը գրված: Այդ մասին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող եք սերունդներ կերտել՝ առանց անդրադառնալու պատմության [մասին] կրթությունը փոխելու հարցին, որը կարող է այլ պատկերացում ստեղծել հարևանի մասին, կրթական ի՞նչ ռազմավարություն կա երկարաժամկետ հատվածում:


«Մեր պատմության ամենակարևոր ուղերձը պահանջն է՝ չկրկնելու այդ պատմությունը կրկին ու կրկին, փորձելու բացվել և ստեղծել ամբողջովին նոր պատմություն, կերտել նոր պատմություն մեր երկրի ու մեր ժողովրդի համար»,-ասաց նա:


Ըստ Փաշինյանի՝ մեր ազգի առանձնահատկությունն է՝ հասկացված լինել աշխարհի կողմից՝ կապված կրած տառապանքի, ցեղասպանության հետ, բայց այժմ այլ ռազմավարություն է որդեգրվել.


«Որոշել ենք մեր հայացքը շրջել և կենտրոնանալ այն ուղղությամբ, որ չկրկնվի այդ պատմությունը, և դա կլինի ամենակարևոր ներդրումը, տուրքը՝ պետականությանը, մեր երկրի ինքնիշխանությանը, անկախությանը և բարեկեցությանը, քանի որ դա կլինի կարևորագույն ներդրումը, հարգանքի տուրքը մեր ազգի բոլոր նահատակներին, բոլոր ժամանակների բոլոր նահատակներին: Դա է մեր ռազմավարությունը:


Իմիջիայլոց, չկա ազգ, որը կհամարի, որ չի տառապել: Բոլոր ազգերն էլ համարում են, որ իրենք տառապել են: Եվ յուրաքանչյուր ազգ ունի իր ողբերգությունները, սակայն մեր ռազմավարությունն առաջին հերթին հետևյալն է՝ չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նոր, ավելի լավատեսական, ավելի բարեկեցիկ, ավելի խաղաղ պատմություն, և հիմա՝ այսօր, մենք փորձում ենք դա անել»,- ասել է Փաշինյանը:


 

Leave a Comment