Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում համատեղ հարցազրույց են տվել Euronews–ին

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում համատեղ հարցազրույց են տվել  Euronews–ին

10 դեկտեմբերի 2025 – 11:51 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Դոհայում համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:

Նրանք պատմել են բանակցությունների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք մեկնարկել են 2020 թվականին՝ աջակցություն ստանալով ԵՄ կողմից, և ավարտվել պատմական խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։

«Ծանր պատերազմի ու լարվածության մեջ գտնվող տարածաշրջանում, որտեղ հաշտեցումը դեռ վերջերս անհնար էր թվում, երկու երկրներն ընդհանուր լեզու են գտել ոչ միայն հանուն խաղաղության, այլև համատեղ տնտեսական վերելքի»,–ասվում է հրապարակման մեջ։

Գրիգորյանը հարցազրույցում նշել է, որ բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։

«Ինչպես ասվում է հայտնի երգում, «սա ևս մեկ աղյուս է պատի մեջ»՝ այս մեջբերման դրական իմաստով։ Մենք աշխատում ենք դրա վրա՝ փորձելով կառուցել այդ վստահության պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Հաջիևն իր հերթին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է աշխարհում շարունակվող հակամարտությունների ու պատերազմներրի ֆոնին, քանի որ այս կոնֆլիկտի էջը փակված է, և տեղում իրական խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միասին անցում են կատարում տարածաշրջանի մասշտաբային տնտեսական զարգացմանը, ինչը բխում է երկու երկրների շահերից։

Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի։

ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ խաղաղ գործընթացն ապագա սերունդների համար է և անշրջելի է, և որ երկու կողմերն աշխատում են փոխվստահությունն ամրապնդելու ուղղությամբ։

Խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին՝ նրանք ասել են, որ դրա իրագործումը «կարող է ամբողջությամբ փոխել եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»։

Գրիգորյանն ու Հաջիևն ասել են, որ այժմ երկու երկրները պետք է դեպի համատեղ ապագա նայեն։

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Դոհայում միասին պանելային քննարկման են մասնակցել «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով։

Leave a Comment