
Երեք տարի առաջ մեկնարկած «CirculUP!» նախաձեռնության նպատակը Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացումն էր՝ ոլորտի դերակատարների կարողությունների զարգացման և հանրային իրազեկման բարձրացման միջոցով։
Օրերս ամփոփվել են շրջանաձև տնտեսության ոլորտի հայաստանյան ամենամեծ ծրագրի՝ «CirculUP!»-ի արդյունքները։ «Իմփաքթ Հաբ Երևան»–ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը նշում է, որ ծրագրի նպատակը Հայաստանում շրջանաձև տնտեսության էկոհամակարգ ստեղծելն է։ Սա առաջին ծրագիրն է, որն այս ոլորտում իրականացվում է նման մասշտաբով։


«Մենք փորձել ենք էկոհամակարգի բոլոր շերտերին անդրադառնալ։ Ստեղծել ենք առաջին հերթին կոալիցիա՝ բոլոր կարևորագույն կառույցների և ինստիտուտների ներկայացուցիչներից, ովքեր կարող են ինչ–որ դեր ունենալ և ներդրում ունենալ էկոհամակարգի կառուցման մեջ։ Աշխատանք ենք տարել փոքր բիզնեսների, ստարտափների հետ, որոնք կարող են շրջանաձև տնտեսության մոդելներով բիզնես գաղափարներ իրականացնել։ Աշխատել ենք նաև կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի կանոնակարգեր ձևավորվեն, և փորձել ենք առավելագույն իրազեկում իրականացնել շրջանաձև տնտեսության մասին, որպեսզի հանրությունը ևս իմանա, թե ինչ է շրջանաձևությունը և շրջանաձև տնտեսությունը»։
Այս ընթացքում «CirculUP!»–ը իրականացրել է կրթական և ինկուբացիոն ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում շրջանաձև տնտեսության էկոմիջավայրի ստեղծմանը և զարգացնելով դրա հիմնական դերակատարների կարողությունները։
Ծրագրի շնորհիվ երեք տասնյակից ավելի բիզնես ընկերություններ և ՔՀԿ–ներ ստացել են ընդհանուր առմամբ 500,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ շրջանաձև մոտեցումների հանրայնացման և բիզնեսում շրջանաձև գործիքների ներդրման նպատակով։