Բաքվում ընթացող «դատի» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խնդրել է հասանելիություն ունենալ քրեական գործին վերաբերող որոշակի փաստաթղթերի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ տեղեկությունների՝ Վարդանյանը նաև խնդրել է գործից հանել որոշակի փաստաթղթեր։ Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանի համար «կապահովեն համապատասխան պայմաններ», երբ որոշեն, թե որ կոնկրետ փաստաթղթերն է նա ցանկանում ուսումնասիրել։
«Տուժողների ցուցմունքների» ընթերցումը շարունակվել է այսօրվա դատական նիստի ժամանակ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:
