Լրջագույն խնդիրներ կան. խցում դեղորայքային բուժման կարիք ունեցողները կարող են ամիսներով միայն ցավազրկող ստանալ. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը նախօրեին հրապարակեց այն դիմումը, որը ներկայացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ևս հասցեագրվել են դիմումներ՝ Սրբազանի վիրահատությունը թույլ տալու նպատակով: Արդարադատության նախարարի խոսքով՝ դիմումը ներկայացվել է ընթացակարգային խախտումներով, դրա համար էլ մինչ օրս պատասխան չի տրվել: Ի՞նչ ընթացակարգով է ապահովվում ՔԿՀ-ներում բուժօգնության կարիք ունեցողների բուժումը:

– Ընդհանրապես, ազատազրկման պայմաններում առողջության իրավունքի պահպանման շրջանակը իրականացնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է առողջապահության նախարարության վերահսկողության ներքո։ Համակարգային միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, իհարկե, կան որոշակի խնդիրներ և՛ համագործակցության իմաստով՝ արդարադատության նախարարություն, հրատապ արձագանքման, կազմակերպման, տեղափոխման տեսանկյունից, և՛ նաև ռեսուրսների պակասի տեսանկյունից։ Այս պարագայում, իհարկե, թղթաբանությունը անվերջ շրջանառվում է, հրատապ դեպքերի պարագայում արագ արձագանքը պարտադիր է՝ ըստ կանոնակարգի, իսկ երբ անձն ուզում է իր միջոցներով, իր նախընտրած բժշկի մոտ հետազոտվել, բուժվել, վիրահատվել, այդ պարագայում ըստ առաջնահերթության դրվում է սպասման ցուցակում: 

Խնդիրները քրեակատարողական հիմնարկներում իհարկե բազմաթիվ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց 50%-ից ավելին ունի քրոնիկական խնդիրներ, առողջական լրջագույն խնդիրներ ու բուժման կարիք, ինչը ևս որոշակի ծանրաբեռնվածություն է առաջացնում: 

Եթե մենք թվային տվյալներն ենք դիտարկում, մասնավորապես, վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի վերջին այցի ընթացքում միայն «Արմավիր» ՔԿՀ-ում 400 դատապարտյալ ու 600-ից ավելի կալանավորված անձինք կան, այսինքն՝ նաև այդ ծանրաբեռնվածությունը, որ անձինք տեղափոխվում են ՔԿՀ կալանավորված անձի կարգավիճակում, ունեն առողջական խնդիրներ, կալանք նշանակելու դեպքում հաշվի չի առնվում առողջական խնդիրը: 

ՔԿՀ-ում ունենք բավական ծանր դեպքեր, երբ, մամուլում էլ հրապարակվեց, անձը ունի կաթված, ու մարմնի մի կողմը թուլացած է, նույնիսկ անձնական կարիքները չի կարողանում հոգալ ու կալանավորված անձի կարգավիճակում է, նույնիսկ այդ պարագայում դատարանն այնքան զգայունություն չի դրսևորում փոխել կալանքը, ու բժշկական հանձնաժողովը տալիս է եզրակացություն, որ անձը կարող է կալանքը կրել կալանավայրում: 

Այս ու այլ բազմաթիվ օրինակներ վկայում են, որ համակարգային խոշոր խնդիր է առողջության պահպանության իրավունքը, ու նաև դրա հետ մեկտեղ այդ համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կալանքների զանգվածային կիրառման պարագայում: Սա առաջացնում է համակարգի կոլապսի խնդիր, ու եթե կոնկրետ այս դեպքով փաստաբանների բարձրաձայնմամբ, հայտնի մարդ լինելու իրողությամբ՝ կարող է հարցն ավելի արագ լուծվել, ապա մյուս պարագաներում մարդիկ ամիսներով սպասում են, մինչև կգան իրենց հերթագրման օրը, ժամակարգը: Եթե դա բժշկի կողմից դիտարկվում է ոչ այնքան հրատապ, առողջությանը ու կյանքի իրավունքին չսպառնացող իրավիճակ, ապա դա կարող է ամիսներ տևել: 

– Իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում մատուցվող ծառայությունները պատշա՞ճ են մատուցվում:

– Իհարկե էլի կան լրջագույն խնդիրներ պայմանների հետ կապված, խցային պայմաններում առողջության որոշակի սպասարկում ստացող անձինք բավականին ցածր սպասարկում են ստանում: Անձինք, որոնք պետք է դեղորայքային բուժում ստանան, կարող են միայն ամիսներով ցավազրկող ստանալ, իսկ դա, բնականաբար, բուժում չէ, ուղղակի բթացնում է: 

«Արմավիր» ՔԿՀ-ում շատ հանդիսավոր պայմաններում կատարեցին հիվանդանոցային հատվածի բացումը, որտեղ պետք է տեղափոխեն «Դատապարտյալները հիվանդանոց» ՔԿՀ-ից մարդկանց, բայց դեռևս ամբողջական ծավալով չի գործարկվել դա, իսկ մարդիկ, որոնք ունեն շարժունակության հետ կապված խնդիրներ, դեռևս խցային պայմաններում են ստանում այդ բուժումը, ինչն իհարկե համատեղելի չէ նրանց ազատությունից զրկման պայմանների հետ: 

– Այսինքն՝ դատապարտյալների պատշաճ առողջության կազմակերպման հետ կապված ակնհայտ խնդիրնե՞ր կան ՔԿՀ-ներում:

– Իհարկե, և՛ դեղորայքային, և՛ սպասարկման, և՛ բուժանձնակազմի խնդիրներ, երբ երեկոյան ժամերին բժիշկների հասանելիության խնդիր կա, իհարկե անձնակազմի հետ կապված։ Դատապարտյալները ժամերով թակում են դռները ու արձագանք չեն ստանում, երբ ունեն խնդիր ահազանգելու հենց պահպանության անձնակազմից:

– Կոնկրետ Սրբազանի դեպքում, տիկի՛ն Հովհաննիսյան, մտավախություններ հնչեցին, որ քաղաքական դրդապատճառներով հնարավոր է ձգձգեն բուժման գործընթացը և այլն, դուք ունե՞ք այդ մտավախությունը:

– Ես կարծում եմ հակառակը, քաղաքական նպատակով կարող է արագացվել բուժումը, որովհետև հանրային մարդկանց պայմաններում աղմուկն ազդում է, իսկ քանի-քանի դեպքեր կան, որ ընդհանրապես որևէ մեկը չի էլ իմանում: Ավելի բարդ է լինում օտարերկրյա քաղաքացիների պարագայում, որոնք ունեն թե՛ հաղորդակցության ու թե՛ հարազատների հետ կապի ու իրենց առողջության վերաբերյալ բավական լուրջ խնդիրներ: 

– Խնդիրն ի՞նչ եղանակներով է հնարավոր բարելավել: 

– Նախ՝ միջգերատեսչական համագործակցության ակտիվացմամբ՝ թուղթ տանել-բերելը բավական ժամանակատար է, երկրորդ՝ նաև ես նշեցի կալանավորումների դեպքերի աճը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում նաև ՔԿՀ-ների համար, որովհետև այն ռեսուրսը, որը պետք է ուղղվեր կալանավորին ավելի լավ բուժօգնություն տրամադրելուն, գնում է այդ ուղղությամբ: 

Պետությունը պետք է գործի համակցված, չի կարող առանձնացված լինել ՔԿՀ-ներից ու չդիտարկել այն հանգամանքը, որ գերծանրաբեռնվածությունը այդ համակարգի վրա առաջացնում է հավելյալ խնդիրներ հենց դատապարտյալների ոլորտում: Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը հնարավորություն կտա այդ բեռնաթափումն իրականացնել ու այդ ռեսուրսներն ուղղել դատապարտյալների առողջության լավարկմանը: 

Պարբերաբար բուժզննում կամ մշտադիտարկում պետք է անել խցերում, այլ ոչ թե խցային պայմաններում համարել, որ ցավազրկողը կարող է բուժում հանդիսանալ: Այսօր Հայաստանում չկան ՔԿՀ-ներ, որտեղ պահման պայմանների հետ կապված խնդիրներ չլինեն, նույնիսկ «Արմավիր» ՔԿՀ-ն, որը նորանկախ Հայաստանում կառուցված միակ ՔԿՀ-ն է, այնքան խնդիրներ ունի պահման պայմանների հետ կապված, որ նաև վատթարացնում է մարդկանց առողջությունը: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, իսկ դեպքեր եղե՞լ են, որ այդ ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով դատապարտյալը մահանա:

– Այս տարի ունենք 23 մահ, որոնցից 8-ը ինքնասպանություն են, մնացածը՝ առողջական խնդիրներով, սա կրկնակի աճ է, որովհետև նախորդ տարի եղել է կենսաբանական մահվան 12 դեպք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment