9 դեկտեմբերի 2025 – 19:11 AMT
PanARMENIAN.Net – Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերաբերող քրեական գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա ընդգծել է, որ ընթացիկ քրեական վարույթով մինչ այժմ դատարանների կողմից կիրառված մի շարք սահմանափակումներ հակասում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային։
«Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.
- Ապօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:
- Ապօրինի և նվաստացուցիչ պայմաններում ձերբակալել են, ապա ապօրինի երկու ամսով կալանավորել են:
- Հարկադրաբար Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը»:
Փոստանջյանը պնդել է, որ նշված խախտումները հնարավոր են դարձել որոշ դատավորների՝ մասնավորապես Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի, կայացրած որոշումների արդյունքում։
Նա հայտնել է, որ այժմ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի 30-ամյա դատավոր Լևոն Պետրոսյանին, ով դատավոր է նշանակվել ընդամենը երկու ամիս առաջ։
«Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9):
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։
Կարծում եմ՝ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։
Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, արդարությունը և մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն:
17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը արդարության և մարդկության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։