9 դեկտեմբերի 2025 – 17:19 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։
Նշվում է, որ պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։
«Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ» և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։
Նշվում է, թե իբր՝ իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ, նաև այն, որ գործընթացը օգտագործվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների դեմ։
Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ հայտնում ենք, որ այս հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։
Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի․ խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում որդեգրված այս մոտեցումը համահունչ է տարբեր երկրների փորձին, որտեղ պետական քաղաքականության շնորհիվ նվազել է ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը։
«Օրինակ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ ֆորմալ զբաղվածության միջին մակարդակը մոտ 11.9% է, Վրաստանում վերջին տարիներին այն նվազել է 31.7%-ից մինչև 27.6%։ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թ․ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։
Հետևաբար, ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն և աշխատողների իրավունքները պաշտպանելուն»,–ասվում է հայտարարության մեջ։