ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքագետին ծեծի ենթարկած բանդիտների ավտոմեքենայի հետքը կա. նոր զարգացումներ

Երեկ՝ դեկտեմբերի 8–ին, 13:30-ի սահմաններում քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը դիմակավորված երկու անձի կողմից ենթարկվեց բռնի հարձակման Երևանի «Dalma Garden Mall»–ի ավտոկայանատեղիում։

Բռնարարները «անսպասելի հարձակվել են թիկունքից», որի արդյունքում Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ. կոտրվել է նրա քթքը, հարվածնել է ստացել գլխին։ Դեպքից հետո Հակոբյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Տեղեկացնենք, որ սա Միհրան Հակոբյանի դեմ երկրորդ հարձակումն է: 2021-ի հունիսի 22-ին էլ նրա մեքենան վնասել էին նռնակով:

ArmLur.am-ը փաստաբան Ռուբեն Մելիքյանից տեղեկացավ, որ այս գործով քննությունը շարունակվում է 4 տարի, բայց ոչ մեղադրյալ կա, ոչ՝ կասկածյալ:

ArmLur.am-ը գնաց այսօր դեպքի վայր, հասկանալու՝ ով ինչ է տեսել երեկվա միջադեպի ժամանակ:

Տեղեկացնենք, որ Միհրան Հակոբյանը «Դալմա մոլի» տարածքում կայանել էր ավտոմեքենան, որ մտնի մոտակա բժշկական կենտրոն՝ հոր հետազոտման պատասխանները վերցնելու: Հենց մեքենայից իջնելու պահին հետեւից միջին տարիքի 3 տղամարդ, 2-ը սև բաճկոնով, երրորդը՝ կարմիր, բժշկական դիմակներով թիկունքից հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա:

Նրանք որևէ բառ չեն ասել, չեն հայհոյել, չեն վիրավորել, չեն բացատրել. լուռ կատարել ենք իրենց աշխատանքը և տեսնելով դեպի իրենց շտապող քաղաքացիների, միանգամից վազել են մոտեցող սեւ գույնի 37JO… տեսանելի համարանիշներով սև «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը մինչ այդ կանգնած սպասել է բռնարարներին:

ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Դեռ կասկածյալներ չկան ոչ կատարողների, ոչ էլ պատվիրատուների մասով:

Այսպիսով, եթե 4 տարի առաջ տեղի ունեցած հանցանքը նույն մարդու՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ, բացահայտված լիներ, այսօր անպատժելիությունը նոր դրսևորում չէր ունենա: Ի վերջո հարձակումը տեղի է ունեցել հանրային տարածքում, մարդաշատ վայրում, ինչը նշանակում է, որ հարձակվողները չեն մտածել, որ որևէ տեսանկարահանող սարք կլինի կամ ականատեսները կխանգարեն իրենց:

Եվ ակնհայտ է, որ նրանք ունեցել են պատվիրատու, որի հանձնարարությամբ լուռ ծեծել և հեռացել են: Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին իր տան բակում դաժան ծեծի ենթարկվեց նաև հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որի գործը մինչ օրս բացահայտված չէ: Անպատիժ են բռնարարները:

2024-ի ապրիլի 16-ին էլ ոստիկանների հսկողության տակ գտնվող երիտասարդ Սամվել Վարդանյանը ծեծի ենթարկվեց դիմակավորված անձանց կողմից ու մինչ օրս այդ գործով էլ որևէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա:

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, ֆեյսբուքյան ստատուսով դատապարտել է բռնությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ բոլոր թվարկված բռնության դեպքերը քաղաքական վենդետան են, վրեժխնդրություն: Բռնությունը մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքական ընդդիմախոսներին փողոցներում ծեծելը և անպատիժ մնալը դարձել է օրինաչափություն: Էլ չասենք, որ ֆեյսբուքյան ստատուս գրելու համար փաստաբանին են գետնին տապալում, բանտարկում:

Սիրո և հանդուրժողականության այսպիսի մթնոլորտում ենք ապրում նոր Հայաստանում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment