Ցեղասպանությունը պետք է ճանաչել և դատապարտել, որպեսզի այն չկրկնվի. Արտակ Սարգսյանի և Մարտիկ Գասպարյանի ուղերձը՝ «Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման օրվա» կապակցությամբ

NEWSPRESS.am-ը ներկայացնում է «ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հայտարարությունը՝ «Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» ՀԿ-ի անունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, գրված է.

«Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, երբ ամբողջ աշխարհը հիշատակում է «Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման օրը», մենք՝  Արտակ Սարգսյանը և Մարտիկ Գասպարյանը, հանդիսանալով որպես «Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» հասարակական կազմակերպության, Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կանխարգելման ու դատապարտման  հիմնադիրներից, հայտարարում ենք մեր համահավաք դիրքորոշումը։

Հայ ժողովրդի պատմությունը վկայում է մի ճշմարտություն՝ ցեղասպանությունը չի ավարտվում, երբ դադարում են էթնիկ սպանությունները։ Այն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ճանաչվում է, դատապարտվում է և կանխվում է։

Սակայն Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ամբողջությամբ չի ճանաչվել և չի դատապարտվել։

Ահա թե ինչու Ցեղասպանության ոճիրը կրկնվեց՝

— Հրեաների նկատմամբ,

— Ռուանդայում (1994)՝ Տուցի ժողովրդի նկատմամբ,

— Բալկաններում, Ասիայում, Աֆրիկայում։

Եվ ցավալի իրականությունն այն է, որ նույն անպատժելիության մեխանիզմը հասավ Արցախ

— շրջափակում,

— սովի քաղաքականություն,

— երեխաների, կանանց ու ծերերի, արցախցի ընտանիքների բռնի արտագաղթ,

— Արցախի ամբողջական հայաթափում։

Սրանք ցեղասպանության դասական դրսևորումներ են՝ ինչպես սահմանում է ՄԱԿ-ի կոնվենցիան։

Մեր ինստիտուտը համարում է, որ Արցախի դեպքերը պետք է ներկայացվեն որպես ցեղասպանություն և արդի քաղաքակրթության Մեծագույն Մշակութային Եղեռն՝ միջազգային իրավունքի բոլոր կառույցներում։

Մենք դատապարտում ենք նաև այն քաղաքական թերացումները, որոնք նպաստել են այս ողբերգությանը․

միջազգային հարթակներում անբավարար աշխատանք,

իրավական գործընթացների ուշացում,

միջազգային ճնշման բացակայություն,

և պետության ներսում ստեղծված մթնոլորտ, որը թույլ է տալիս Ցեղասպանությունը ներկայացնել որպես «տեխնիկական» կամ «հումանիտար» խնդիր։

 

♦Մենք հայտարարում ենք.

Հայոց Ցեղասպանության չճանաչված լինելը չի կարող նոր իրավունքներ ծնել այլոց համար։

Այն ծնունդ է տալիս նոր ոճրագործությունների։

 

♦Մեր ՀԿն ստանձնում է մի հանձնառություն

ներգրավել միջազգային փորձագետների, փաստահավաք խմբերի, իրավաբանների,

ձևավորել փաստաթղթային բազա Արցախի, Արևմտյան Կասպիայի ու Նախիջևանի  ողջ մեծագույն Կուլտուրացիդի, տեղահանումների, բռնաճնշումների վերաբերյալ և ներկայացնել դրանք միջազգային դատարաններին ու կառույցներին։

Այս պայքարը ոչ միայն պատմական արդարության մասին է

Այն մեր ապագա անվտանգության, մեր պետական ինքնության, մեր ազգային գոյության հարցն է։

Մենք հիշում ենք։

Մենք պահանջում ենք։

Եվ մենք կանխելու ենք, որ նման հանցագործությունը չկրկնվի նորից։

 

Արտակ Սարգսյան

Մարտիկ Գասպարյան

«Գենոցիդի և Կուլտուրացիդի Ինստիտուտ» ՀԿ»:

Leave a Comment