Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե որ դեպքում «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կընդգրկի աշխարհի 2026 թվականի առաջնության համար նախատեսված հայտացուցակում, հաղորդում է Globo Esporte-ն:
«Եթե խոսքը Նեյմարի մասին է, ապա պետք է խոսենք նաև այլ խաղացողների մասին։ Մենք պետք է մտածենք Բրազիլիայի ազգային հավաքականի մասին, որը կարող է լինել Նեյմարով կամ առանց նրա:
Մենք հայտացուցակը կհստակեցնենք մարտին կայանալիք ընկերական խաղերից հետո:
Ես լավ հասկանում եմ, որ դուք շատ հետաքրքրված եք Նեյմարով։ Ես կցանկանայի պարզաբանել. հիմա դեկտեմբերն է, աշխարհի առաջնությունը հունիսին է, և ես մայիսին կհրապարակեմ հայտացուցակը։ Եթե Նեյմարը լավ մարզավիճակում լինի և ավելի արժանի լինի հայտացուցակում ընդգրկվելուն, քան այդ դիրքի մեկ այլ ֆուտբոլիստ, ապա կհրավիրվի հավաքական։ Ես ոչ մեկին ոչինչ պարտական չեմ»,- ասել է իտալացի մարզիչը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը 2 տարուց ավելի չի հրավիրվում ազգային հավաքական: