Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներ․ Սրբազանների կալանավորումն ապօրինի է

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներ․ Սրբազանների կալանավորումն ապօրինի է

9 դեկտեմբերի 2025 – 14:37 AMT

PanARMENIAN.Net – Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սրբազանների կալանավորումը։

Նրանք դատապարտել են «ՀՀ իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական գործողությունները», հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք` Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խորապես մտահոգված ենք և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները, հոգևորականների և եկեղեցասեր զավակների մտացածին մեղադրանքներով ապօրինի կալանավորումները: Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ»,– ասված է հայտարարությունում։

Հայտարարության մեջ հոգևորականները ընդգծել են, որ ամբողջությամբ նվիրված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և իրենց հավատարմությունը հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ ին։

Դեռ նոյեմբերի 30-ին նույն թեմի հոգևոր սպասավորները հանդես էին եկել մեկ այլ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատարագի ժամանակ Վեհափառի անունը չհնչեցնելը շեղում է Սուրբ Պատարագի խոր խորհուրդից։

Վերջին ամիսներին ՀՀ իշխանությունները շարունակաբար քննադատության են ենթարկում եկեղեցուն՝ մասնավորապես թիրախավորելով Ամենայն հայոց կաթողիկոսին։ Ներկայումս կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Leave a Comment