Ադրբեջանն ու ԱՄՆ–ն քննարկել են TRIPP–ի իրականացումն արագացնելու հնարավորությունները

Ադրբեջանն ու ԱՄՆ–ն քննարկել են TRIPP–ի իրականացումն արագացնելու հնարավորությունները

9 դեկտեմբերի 2025 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպում է ունեցել ԱՄՆ տրանսպորտի նախարարի օգնական Դենիել Էդվարդսի հետ՝ քննարկվել են «TRIPP–ի իրականացումն արագացնելու հնարավորությունները»:

«Բանակցությունների ընթացքում ներկայացվել են մանրամասն տվյալներ Ադրբեջանի ռազմավարական դերի մասին՝ որպես տարածաշրջանային տրանսպորտա-լոգիստիկ հանգույց։ Կողմերը քննարկել են Զանգեզուրի միջանցքի բացման հարցը, TRIPP ծրագրի իրականացումը արագացնելու քայլերը, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղու վերականգնման և արդիականացման աշխատանքները»,–ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է APA-ն։

Բացի այդ, ուշադրություն է դարձվել տրանսպորտային այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին՝ ներառյալ ավիացիան, ծովային փոխադրումները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ամենամոտ ժամանակում Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն է ունենալու՝ որպես նոր տրանսպորտային երթուղի։ Այդ մասին նա ասել է Միլի Մեջլիսի նիստում, որտեղ քննարկվել է «Ադրբեջանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Ամենամոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն է ունենալու՝ որպես նոր տրանսպորտային երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակում»։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment