Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները Ամանորը տանը չեն դիմավորի․ մանրամասներ

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները դեռ գտնվում են Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում և, ամենայն հավանականությամբ, Ամանորը կնշեն հենց այստեղ, ոչ թե իրենց տանը: 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:

«Դեռ շատ դժվարություններ ունեն երեխաները, դեռևս հարմարվելու պրոցեսի մեջ են, մեծ աշխատանք է տարվում մասնագետների միջոցով: Նրանցից երկուսը հոգեբուժական կամ մտավոր խնդիր ունեն: Հիմա հենց դա ենք փորձում հասկանալ, որպեսզի ճիշտ գնահատենք վիճակը»:

Միրա Անտոնյանը նշեց նաև, որ երեխաները նաև դեռ դեպքի ազդեցության տակ են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացել, ապա նոյեմբերի 2-ին սպանված էր հայտնաբերվել 3-ամյա Տիգրանը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ փոքրիկին խեղդելով սպանել է նրա հայրը, ապա, տեղից տեղ տեղափոխելով, թողել էր հարևան երկու գյուղերի դաշտերում:

Կենտրոնի տնօրենի խոսքով, այս 1,5 ամսվա ընթացքում երեխաների մայրը մի քանի անգամ այցելել է զավակներին, հաջորդ տեսակցությունը առաջիկա օրերին է լինելու:

«Երեխաները կարոտում են իրենց մորը, նրան դիմավորում են այնպես, ինչպես ցանկացած երեխա: Որևէ արտառոց բան չկա, բնական տեսարան է լինում»:

Հասմիկ Կիրակոսյան

–00—ՅՄ

Leave a Comment