Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել որոշ փաստաթղթերի ծանոթանալու վերաբերյալ

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել որոշ փաստաթղթերի ծանոթանալու վերաբերյալ

9 դեկտեմբերի 2025 – 13:16 AMT

PanARMENIAN.Net – Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է հայտնի գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը։

Դատական նիստն անցկացվել է Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատական կազմի անդամներով՝ Անար Ռզաև, Ջամալ Ռամազանով (պահուստային դատավոր՝ Գյունել Սամեդովա)։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ և պետության հաշվին պաշտպան, գրում է Minval.az-ը։

Դատավոր Աղաևը առաջին անգամ նիստին մասնակցող այսպես կոչված «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին ներկայացրել է դատական կազմը, մեղադրողներին, թարգմանիչներին և այլ մասնակիցների՝ բացատրելով նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ ըստ օրենսդրության։

Այնուհետև այսպես կոչված «տուժողները» պատմել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքում ծավալված ռազմական գործողությունների և այդ ընթացքում ստացած վիրավորումների մասին։ Մինչդեռ Վարդանյանը երբևէ չի մասնակցել մարտական գործողությունների և չի էլ եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ։

Ցուցմունքների հրապարակման ընթացքում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է գործին առնչվող մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ հարցաթերթիկների տրամադրման մասին։

Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշևը խնդրել է բավարարել այդ միջնորդությունը։ Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրող կողմը դեմ չէ փաստաթղթերի տրամադրմանը։

Դատավոր Աղաևն ասել է, որ փաստաբանը կարող է այդ փաստաթղթերին ծանոթանալ ընթացիկ շաբաթվա ընթացքում, և դրա համար անհրաժեշտ պայմաններ կապահովվեն։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 9-ին։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործից։

Leave a Comment