9 դեկտեմբերի 2025 – 14:11 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ հրաժարվել են կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, քանի որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:
Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00»,–ասվում է գրառման մեջ։
Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանը միջնորդել էր, որպեսզի փոխվի սրբազանի խափանման միջոցը՝ նրան հնարավորություն տալու համար մասնակցել եպիսկոպոսաց ժողովին։ Դատավոր Ֆարոխոյանը այդ ժամանակ որոշել էր հետաձգել միջնորդության քննությունը, որը պետք է կայանար դեկտեմբերի 9–ին։