Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի դեկտեմբեր ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է: Այս մասին հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը։
Նշենք, որ վերոնշյալ դրամական աջակցությունը տրամադրվում է Կառավարության համապատասխան որոշման հիման վրա։
Որոշումը սահմանում է․
1. Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։
2. Հաստատել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ որոշման համաձայն դրամական աջակցության նշանակումն և վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը.
2) մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։