Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության գործով վարույթ է նախաձեռնվել

Հասարակություն

09.12.2025 | 12:49

Հանրային գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։ Վարույթը Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով է, այսինքն՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակում է տեղի ունեցել Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Թե ինչն է հարձակման պատճառը և ովքեր են կանգնած դրա ետևում, պարզ չէ։

Նշենք, որ այս դեպքից երկու օր առաջ Միհրան Հակոբյանը ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին առնվող ֆեյսբուքյան գրառում էր կատարել, ապա՝ ջնջել։

Նշենք նաև, որ Հակոբյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրական գրառմամբ դատապարտել է բռնություն երևույթը։

«Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և  բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Հ․Գ․ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական և բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է և ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»,- գրել է Փաշինյանը։

Արաքս Մամուլյան

Leave a Comment