9 դեկտեմբերի 2025 – 12:20 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից` անդրադառնալով վերջին շրջանում ամենահաճախ հնչող հարցերից մեկին՝ արդյոք պոլիկլինիկաներն ի վիճակի են սպասարկել քաղաքացիներին առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման շրջանակում։
Նա նշել է, որ պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք:
Նա տեղեկացրել է, որ վերոնշյալ պոլիկլինիկան վերանորոգման փուլում է և նմանատիպ վերափոխումներ են ընթանում գրեթե բոլոր պոլիկլինիկաներում։
«Բայց դեռ իր վերջնական տեսքին չի եկել։ Մենք պետք է պոլիկլինիկական ծառայությունն ուժեղացնենք։ Ապահովագրության շրջանակում ֆինանսական միջոցների ուղղումն ապահովելու է թե՛ մասնագիտական կարողությունների վերանայում, թե սարքերի և հագեցվածության վերանայում», – նշել է նախարարը։
Նա նաև հորդորել է գրել, թե ինչ խնդիրներ կան պոլիկլինիկաներում։
Առաջին փուլը սկսվելու է 2026 թվականին, երբ ապահովագրությամբ կընդգրկվեն երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկանում հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր անապահովության համակարգում 28 և ավելի միավոր ունեն։ Նրանց ապահովագրավճարը ամբողջությամբ հատկացվելու է պետական բյուջեից։