Սիյարտոն մեկնել է Մոսկվա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նա հայտարարել է, որ իրեն ուղեկցում է հունգարացի ձեռնարկատերերի մեծ պատվիրակություն։

«Երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, համաշխարհային տնտեսությունը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքի, և կբացվեն միջազգային առևտրային հարաբերություններում նոր, հսկայական հնարավորություններ։

Պատժամիջոցները միշտ մեզ հետ չեն լինի, ուստի, մենք պետք է պատրաստ լինենք նոր շրջանում լավ մեկնարկային դիրք գրավելուն։ Ահա, թե ինչու մենք հիմա մեծ գործարար պատվիրակությամբ մեկնում ենք Մոսկվա»,-գրել է Սիյարտոն իր Ֆեյսբուքյան էջում։

Ռուսաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում ամեն տարի՝ հերթականությամբ Մոսկվայում և Բուդապեշտում: Ռուսական կողմից հանձնաժողովը նախագահում է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Leave a Comment