Միքայել արքեպիսկոպոսի պաշտպանները հայտնել են վիրահատության հետ կապված իշխանությունների դանդաղկոտության մասին

Շիրակի թեմի բանտարկված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը մտահոգություն է հայտնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կեցվածքի և սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ։

Պաշտպանները հայտարարել են, որ պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար: Նրանք նշել են, որ Միքայել սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում և պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից 4 դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու համար։

Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել սրբազանի գրավոր համաձայնությունը և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ:

Ըստ պաշտպանների՝ Միքայել սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն նա պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է տվյալ բժշկական կենտրոնում, ունի բժիշկ և վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին: Նոյեմբերի 28-ին տնօրենն ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել սրբազանը հրաժարվել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, լրագրողներների հետ զրույցում պնդել էր, որ արքեպիսկոպոսը «ծայրահեղ ծանր վիճակում չէ»։ Նա նշել էր, որ պաշտպանական կողմը կարող է դիմում ներկայացնել, և այն կքննարկվի։

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։

Leave a Comment