«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը անդրադարձել է թիմակից Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ եգիպտոսցի հարձակվողը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակից՝ գլխավոր մարզիչ Առնե Սլոտի և ակումբի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո։
Բրազիլացի դարպասապահը նշել է, որ Սալահի բացակայությունը տրամաբանական է ստեղծված իրավիճակում.
«Այն, որ Սալահը հասանելի չէ խաղի համար, նրա կատարած արարքի հետևանքն է։ Նա բավականաչափ խելացի է և հասկանում է դա։ Մենք վաղուց լավ հարաբերություններ ունենք, նա «Լիվերպուլի» լեգենդ է և հիանալի բնավորությամբ տղա»։
Ալիսոնը շեշտել է, որ պատրաստվում է խոսել Սալահի հետ, սակայն այդ խոսակցության մանրամասները հանրությանը հասանելի չեն լինի.
«Ես դեռ չեմ շփվել Մոյի հետ, բայց մենք անպայման կխոսենք այդ մասին։ Սակայն դա կլինի առանձին՝ բացառապես մեր միջև, քանի որ դա անձնական է։ Ինչ վերաբերում է հանդերձարանին, ապա մթնոլորտը նորմալ է։ Բնական է, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը կատարվածի վերաբերյալ»։
Չնայած լարվածությանը, Ալիսոնը պաշտպանել է թիմակցին՝ հույս հայտնելով, որ կոնֆլիկտը կհարթվի.
«Այս պատմությունն ինձ տխրեցնում է, բայց հիմա ես կենտրոնացած եմ «Ինտերի» դեմ խաղի վրա։ Չեմ կարծում, թե Սալահը ցանկացել է որևէ մեկին վիրավորել։ Շատ եմ հուսով, որ Մոն կրկին կխաղա «Լիվերպուլում», սակայն դա արդեն միայն նրա և ակումբի որոշելիք հարցն է»։