Նա պետք է անընդհատ զարգանա որպես անհատ և ֆուտբոլիստ. Դե լա Ֆուենտեն՝ Յամալի մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի դերին ազգային ընտրանու կազմում, ինչպես նաև մեկնաբանել վերջինիս և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Լամինը շատ կարևոր խաղացող է։ Մեզ ինտելեկտ և հեռատեսություն է հարկավոր՝ հասկանալու համար, թե նա ինչ նշանակություն ունի մեզ համար։ Նա 18-ամյա պատանի է, որը պետք է անընդհատ զարգանա թե՛ որպես անհատ, թե՛ որպես ֆուտբոլիստ։ Նա գիտակցում է կատարելագործվելու անհրաժեշտությունը, և գործին նրա վերաբերմունքը միշտ գերազանց է։ Ամեն օր նա ձգտում է ավելի լավը դառնալ և օգնել թիմին։

Ինձ իսկապես չի անհանգստացնում այն, ինչ տեղի է ունեցել Լամինի և Կարվախալի միջև։ Իմ խնդիրը հավաքականում առողջ մթնոլորտ պահպանելն է։ Ես զրուցել եմ երկուսի հետ էլ և գիտեմ, որ ֆուտբոլում նման բաներ պատահում են նույնիսկ ամենաբարձր մակարդակում։ Պետք է տարբերակել խաղադաշտում կատարվողը և հավաքականում լինելը։ Նրանք դա գիտակցում են և անհամբեր սպասում են միմյանց տեսնելուն ու գրկախառնվելուն», — մեջբերում է մարզչի խոսքերը Marca-ն։

Leave a Comment