Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին հայտարարել է պաշտպանական տեխնոլոգիաներ Ադրբեջանին փոխանցելու և համատեղ արտադրություն սկսելու իր պատրաստակամության մասին։ Նա նման հայտարարություն արել է Բրատիսլավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։
«Պաշտպանական արդյունաբերության մեջ մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ համագործակցել տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության շուրջ։ Մենք կարող ենք համատեղ արտադրված արտադրանք վաճառել երրորդ երկրներին», – ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են Պելեգրինիի խոսքերը։
Նշելով, որ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է Սլովակիայից հրետանային համակարգեր գնելու մտադրության մասին, Պելեգրինին հայտարարել է, որ «այդ զենքը կամրապնդի ադրբեջանական բանակի հզորությունը»։ Նախագահի խոսքով՝ Ադրբեջանը «կարող է առաջատար դեր խաղալ» Սլովակիայում և երկարաժամկետ հեռանկարում դառնալ Բրատիսլավայի «ռազմավարական գործընկեր»։
Ադրբեջանի զինված ուժերը շահագործում էին սլովակական արտադրության 36 DANA M1 155 մմ ինքնագնաց հաուբից։ 2024 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր, որ Բաքուն կսկսի ստանալ 70 DITA 155 մմ ինքնագնաց հաուբից։
